Հայագիտության մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, տեսական և կիրառական լեզվաբանության խնդիրների, դրանց լուծման նորագույն հետազոտական մեթոդների` գիտական պատշաճ մակարդակով ներկայացումը էապես կարևորվում է ընդհանուր լեզվաբանության զարգացման արդի փուլում:

appliedlinguistics.am կայքը ստեղծելիս նկատի ենք ունեցել ժամանակակից կիրառական և համակարգչային լեզվաբանության բարձրագույն մակարդակն արտացոլելու, հայ գիտական հանրությանը դրանց նպատակները, արդիական խնդիրները և զարգացման հեռանկարները ներկայացնելու անհրաժեշտությունը:

Կիրառական լեզվաբանությանը նվիրված օտարալեզու կայքերը քիչ չափով կարող են օգտակար լինել համակարգչային լեզվաբանությամբ հետաքրքրվող հայ լեզվաբանի համար մի քանի հիմնական պատճառներով:

Հարկ է նկատել, որ զգալի անջրպետ կա հայ և համաշխարհային համակարգչային լեզվաբանության միջև, քանի որ եթե Հայաստանում համակարգչային լեզվաբանությունը նոր ձևավորվող գիտություն է և լեզվաբանների շրջանում ոչ այնքան հայտնի, համաշխարհային համակարգչային լեզվաբանությունը հասել է զարգացման այնպիսի մակարդակի, որ լեզվաբաններն իրենց հոդվածներում լեզվաբանական այս կամ այն խնդրի համար առաջարկում են ծրագրային որևէ լուծում՝ լայնորեն օգտագործելով տարատեսակ ալգորիթմներ: Այս հանգամանքը առավելագույն չափով բարդացնում է համակարգչային լեզվաբանությամբ հետաքրքրվող հայ լեզվաբանի գործը:

Օտարալեզու կայքերը համակողմանիորեն ու սպառիչ կերպով չեն ներկայացնում կիրառական լեզվաբանության բոլոր խնդիրները: Սա ենթադրում է, որ մասնավոր խնդրի մասին ամփոփ պատկերացում կազմելու համար պետք է ծանոթանալ բոլոր կայքերում եղած նյութերին։

Ի վերջո պակաս կարևոր չէ հայ լեզվաբանության մեջ այս ուղղությամբ տարվող աշխատանքները, հետազոտական արդյունքները, իրականացված նախագծերը ներկայացնելու խնդիրը:

appliedlinguistics.am կայքը շահեկանորեն տարբերվում է օտարալեզու մյուս կայքերից, քանի որ այն ներկայացնում է կիրառական և համակարգչային լեզվաբանության արդիական բոլոր հիմնախնդիրները:

Կայքի կիրառական լեզվաբանություն բաժնում ներկայացված հոդվածների հիմքում ընկած է Ա. Մանուկյանի, Ա. Սարգսյանի, Ռ. Ուռուտյանի «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառումը լեզվաբանության մեջ» գիրքը: Համակարգչային լեզվաբանություն բաժնի նյութը քաղել ենք տարբեր ամսագրերում մեր տպագրած գիտական հոդվածներից:

Կայքում ներկայացված հոդվածների հեղինակներն ունեն մեծ փորձ և հեղինակություն կիրառական և համակարգչային լեզվաբանության բնագավառում:

Նախագծեր բաժնում ներկայացված են մեր կողմից իրականացված և առաջիկայում կատարվելիք գիտական նախագծերը:

Բանասիր. գիտ. թեկնածու

Ֆ. Հակոբյան